Հայ ըմբիշների հաղթական մեկնարկը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ըմբիշ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ասօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը որակավորման փուլում 3:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էկրեմ Օզթուրքի նկատմամբ: Կիսաեզրափակիչ դուրս գալ, սակայն, Հախոյանին չի հաջողվել։ Նա 3:3 հաշվով է ավարտել գոտեմարտը Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Ֆեդերնիկովի հետ, ինչի արդյունքում կիսաեզրափակիչ է դուրս եկել ռուս ըմբիշը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 60 կգ քաշային Սլավիկ Գալստյանն էլ որակավորման փուլում 9:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Պեչորենիսի նկատմամբ: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Գալստյանը կգոտեմարտի Թուրքիան ներկայացնող Աբդուլլահ Թոփրակի հետ:

Այսօր պայքարի է դուրս եկել նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը, որը ևս հաղթանակ է տարել մեկնարկային գոտեմարտում: Հայ ըմբիշը 2:1 հաշվով առավելության է հասել բուլղարացի Արսեն Սիչևի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում կմրցի Վրաստանը ներկայացնող Զվիադի Պատարիձեի հետ:

Հիշեցնենք` հունահռոմեական ըմբշամարտի մեր հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ մրցավայր են մեկնել նաև Արմեն Մելիքյանը (60կգ) և Հրանտ Կալաչյանը (72 կգ):