Լոռու պարեկները շարունակում են արդյունավետ պայքարը ապօրինի ծառահատումների դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Օրերս նրանք հայտնաբերել են տարբեր մակնիշների 20-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։
Մասնավորապես, մարզի տարբեր բնակավայրերում պարեկները ստուգման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 4 մեքենա։ Տրանսպորտային միջոցները բեռնված էին ընդհանուր մոտ 20 խորանարդ մետր փայտանյութով։
Լոռու պարեկները հայտնաբերել են նաև «ԳԱԶել» մակնիշի 1 տրանսպորտային միջոց, որը բեռնված էր մոտ 3 խորանարդ մետր փայտանյութով։
Բացի այդ, Լոռու տարբեր բնակավայրերում պարեկները ստուգել են տարբեր մակնիշների թեթև մարդատար շուրջ 10 մեքենա։ Դրանց և՛ սրահներում, և՛ բեռնախցիկներում հայտնաբերվել է տարբեր ծավալի փայտնայութ՝ ընդհանուր 7 խորանարդ մետրից ավելի:
Լոռու պարեկները ստուգել են նաև տարբեր մակնիշի 6 խոշոր բեռնատար մեքենաներ, որոնք բարձված էին ընդհանուր 20 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։
Դեպքերի հանգամանքները, այդ թվում՝ փայտանյութի ձեռք բերման օրինականությունը, պարզվում են, իսկ Լոռու մարզի պարեկների պայքարն ապօրինի ծառահատումների դեմ շարունակվում է:

--00--ԶՀ