Մեր ներքևի հարևանները հայեր էին, միասին ենք ապրել․ Թուրքիայի նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 6, 24News

Yildirim

Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը հարցազրույց է տվել տեղի հայկական նորաբաց Luys TV հեռուստաալիքին՝ պատասխանելով հայ համայնքին հուզող մի շարք հարցերի:

Նախկին վարչապետը նշել է, որ որոշ ժամանակ ապրել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ (Թաթավլա- tert.am) թաղամասում:

«Մեր ներքևի հարևանները հայեր էին: Միասին ենք ապրել, և չնչին անհանգստություն անգամ չենք ունեցել, ապրել ենք մեկ ընտանիքի պես», - ասել է Յըլդըրըմը:

Ստամբուլի քաղաքապետի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածուն պնդել է, որ հայերն այդ քաղաքում անհանգստանալու պատճառ չունեն:

«Մեր կուսակցության իշխանության գալուց հետո, մեր նախագահի գլխավորությամբ պետությունը փոքրամասնությունների պատկանող 167 տարբեր հիմնադրամի 1029 օբյեկտ է վերադարձրել, հանձնվել են սեփականության վկայականներ: Այդ կարևոր հարցը մեջտեղից հանել ենք: Մենք մեր այս մոտեցումը նույն նրբանկատությամբ շարունակելու ենք իրագործել: Այս պահին Ստամբուլում կա կրոնական փոքրամասնություններին պատկանող 65 գերեզմանատուն, որոնցից 16-ը հայ համայնքին է պատկանում: Բոլորի խնամքը և անվտանգությունը վստահված են Ստամբուլի քաղաքապետարանին: Այստեղ բնակվող ցանկացած ոք մեր համաքաղաքացին է», - ասել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Յըլդըրըմը հայտարարել էր ղարաբաղյան հիմնախնդրի անհապաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ 

«Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, տխրությունը՝ մեր տխրությունը: Մենք շարունակելու ենք ամեն հարցում աջակցել Ադրբեջանին, կեցցե՛ թուրք-ադրբեջանական եղբայրությունը»,- ասել էր Յըլդըրըմը: