Կարևոր ենք համարում ՌԴ խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1099503.jpg

Ադրբեջանը, շարունակելով իր կողմից տասնամյակների ընթացքում որդեգրած հայատյաց քաղաքականությունն, այս անգամ էլ կեղծ բնապահպանական օրակարգով արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ իրականացնելով համաշխարհային ծավալների հանցագործություն և ստեղծելով հումանիտար աղետ, որով փորձում է խուճապային տրամադրություններ ստեղծել մեր բնակչության շրջանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

«Հերթական անգամ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ նրանք ակնհայտորեն ցույց են տալիս իրենց նկրտումներն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախը հայաթափելու ուղղությամբ, որն անպատժելիության հետևանք է: Այդ ամենն իրականություն չդառնալու միակ ճանապարհն Արցախի անկախությունը ճանաչելն է միջազգային հանրության կողմից: Սակայն Ադրբեջանն ամեն գնով փորձում է խոչընդոտել այդ գործընթացին՝ ներկայացնելով աշխարհին, որ հարցը լուծված է, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, որն իրականությանը չի համապատասխանում: Դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային այլ դերակատարների կողմից. հակամարտությունը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի միջազգային նորմերի և հիմնարար սկզբունքների հիման վրա»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա  հավելեց, որ Ադրբեջանը, միաժամանակ օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, պարբերաբար խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ ակնհայտորեն փորձում է ստվեր գցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն այդպիսով հող է նախապատրաստում հետագայում խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու և եռակողմ հայտարարությունը չեղարկելու համար, ինչն էլ կբերի անկանխատեսելի հետևանքների:

Այդ համատեքստում նա կարևորեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից՝ որպես միջազգային հիմնարար երաշխիք: «Մեր գոյապայքարի բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում մարտահրավերներ և այսօր էլ շարունակում ու հետայսու ևս շարունակելու ենք պայքարել մեր հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իրավունքի համար: Դրա համար չափազանց կարևոր է մեզանից յուրաքանչյուրի բարձր քաղաքացիական պատասխանատվությունն ու անմնացորդ սերը մեր հայրենիքի նկատմամբ: Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք Արցախը պահել հայկական և մեր ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների լրիվ և անսակարկելի ճանաչման հիման վրա հասնել մեր վերջնանպատակին»,-եզրափակեց «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավարը:

--00—ԶՀ