ԿԲ-ն ակնկալում է, որ 2023-ի երկրորդ կիսամյակում գնաճը կմոտենա թիրախային 4 տոկոս մակարդակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1099534.jpg

Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ հաջորդ տարվա երկրորդ կիսամյակում գնաճը կմոտենա թիրախային մակարդակին՝ 4 տոկոսի:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ խորհուրդը կանխատեսել է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է այդ միջնաժամկետ հորիզոնը՝ Գալստյանն ասաց. «Մեր գնահատականների համաձայն՝ մենք 2023-ի երկրորդ կիսամյակում մոտենում ենք գնաճի թիրախային մակարդակին՝ 4 տոկոս»:

Կենտրոնական բանկը ակնկալում է, որ կանխատեսվող հորիզոնում պարենի գները ոչ միայն մեծ աճ չեն արձանագրի, այլ նաև որոշակիորեն կնվազեն՝ իհարկե պայմանավորված առաջարկով և ռուս-ուկրաինական ճգնաժամի հաղթահարմամբ:

«Այս պահի դրությամբ աշխարհում ԿԲ-ները խստացնում են իրենց դրամավարկային քաղաքականությունը, կանխատեսվում է, որ մի շարք երկրներում ռեցեսիոն երևույթներ ենք նկատելու: Չինաստանում լինելու է ցածր տնտեսական աճ: Պահանջարկը ապրանքահումքային ապրանքների նկատմամբ որոշակիորեն նվազելու է, որը հանգեցնելու է գների որոշակի ճշգրտման՝ ներքևի ուղղությամբ»,-ասաց ԿԲ նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արտերկրի՝ պատժամիջոցների տակ գտնվող բանկերի հետ հնարավոր աշխատանքի արդյունքում ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի բանկային համակարգի համար՝ Գալստյանը վստահեցրեց, որ այդ հարցին վերաբերում են ամենայն պատասխանատվությամբ:

«Բնականաբար, սանկցիոն ցուցակը և սանկցիաների մեկնաբանությունները դժվար է միանշանակ տալ, բայց բանկային համակարգն էլ, մենք էլ հաստատակամ ենք և միասին ունենք կոնսենսուս՝ գնալ այն ճանապարհով, որ Հայաստանի ֆինանսական համակարգի համար որևէ ռիսկեր չստեղծենք: Այսինքն՝ պետք է հետևենք միջազգայնորեն ընդունված սանկցիաներին»,-ասաց ԿԲ նախագահը:

Հայաստանի կենտրոնական բանկը դեկտեմբերին գնաճի որոշակի արագացում է կանխատեսում, սակայն մի փոքր ավելի ցածր, քան նախկինում կանխատեսել էր: Իսկ տարվա համար կանխատեսում է 9-9.5 տոկոսի միջակայքում գնաճ:  

--00—ԶՀ