ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններից մահերի ռիսկի գործոններն են ծխախոտի օգտագործումը,անառողջ սնունդը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

183215

Հայաստանում  բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից հիվանդացության  և մահացության տոկոսը շատ բարձր է: Մարդիկ ավելի շատ մահանում են ոչ վարակիչ հիվանդություններից: Մահացության ցուցանիշների մեջ ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով գրանցվող մահերը կազմում են 80-90 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ընդգծելով, որ  ոչ վարակիչ հիվանդությունների համար ռիսկի գործոնները մի քանիսն են՝ առաջին տեղում է ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների  օգտագործումը, իսկ երկրորդ տեղում՝ անառողջ սնունդ ընդունելը:

«Առողջ ապրելակերպի տարածմանը նպաստելու նպատակով նախարարությունը աշխատանքներ է իրականացնում՝ ուղղված հակածխախոտային օրենքի կիրարկմանը: Մենք իրականացնում ենք մոնիթորինգ և այն ներկայացնում վերահսկող մարմիններին՝ ոստիկանությանը և տեսչական մարմիններին: Մեր գործընկերների հետ մշտապես կապի մեջ լինելով՝ վեր ենք հանում այն խախտումները, որոնք կատարվում են՝ լինի դա վաճառքի կետերում, թե հանրային վայրերում ծխելու արգելքի հետ կապված: Սա թույլ կատ վերացնել օրենքի կիրարկման հետ կապված խնդիրներն ու թերությունները»,- ասաց փոխնախարարը:

Նանուշյանը նշեց, որ աշխատանքներ են տանում ԵԱՏՄ-ի գործընկերների հետ, որպեսզի կարողանան սննդի մակնշման փոփոխության միջոցով վեր հանել վնասակար համարվող սննդատեսակները:

«Այս տարվա ընթացքում այս հարցերը նույնպես մեզ  համար օրակարգային են եղել, առողջ ապրելակերպի ուղղությամբ իրականացրել ենք ինտեսիվ քարոզչական և իրազեկման աշխատանքներ: 

Մեր բնակչության շրջանում  կազմակերպել ենք քայլարշավներ, առողջ սնվելու հետ կապված  միջոցառումներ: Հիմնական թիրախային խմբերը եղել են դպրոցականները, քանի որ դպրոցահասակ տարիքում է ձևավորվում վարքագիծը: Մեր մյուս թիրախային խումբը մեծահասակներն են, որովհետև մեզ համար կարևոր է, որպեսզի մեր մեծահասակներն ունենան առողջ ծերություն:

Փոխնախարարի խոսքով՝ բոլոր աշխատանքները եկող տարվա ընթացքում շարունակվելու են, ինչպես նաև ավելանալու են նոր ծրագրեր, որոնք կնպաստեն առողջ ապրելակերպին և ճիշտ սնվելուն:

--00—ՅՄ