Ավտոմեքենաների օգտագործված կատալիզատորների արտահանումը ժամանակավորապես արգելվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

meqena

Կառավարության ընդունած որոշմամբ՝ ժամանակավոր արգելք է սահմանվում Հայաստանից դեպի ԵԱՏՄ ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ։ Համապատասխան նախագիծը գործադիրը հավանության արժանացրեց իր՝ դեկտեմբերի 15-ի նիստին։

Նախագծին կից բերված հիմնավորումներում նշվում են ուշագրավ վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց վերջին տարիներին մեր երկրից նկատվում է դեպի ԵԱՏՄ ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ծավալների զգալի աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցներից զանգվածաբար հանվում և վաճառվում են վերոհիշյալ կատալիզատորները, հետագայում դրանց վերամշակման արդյունքում թանկարժեք մետաղներ, (ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում) առանձնացնելու նպատակով։ Մասնավորապես՝ 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունից այս ապրանքատեսակների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 81 մկիլիոն 481 հազ․ ԱՄՆ դոլար, 2020 թվականին՝ 6 միլիոն 987 հազ․ ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին՝ 732 հազ․ ԱՄՆ դոլար։

«Հարկ է նշել նաև, որ շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից, առանց չեզոքացման համակարգի (առանց կատալիզատորի) կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, հատկապես եթե վերջինս կրում է զանգվածային բնույթ»,- նշվում է նախագծի հիմնավորումներում։

Որպես առաջացած խնդրի լուծման երկարաժամկետ տեսլական՝ գործադիրը դիտարկում է առաջիկա տարիներին օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։

--00—ՅՄ