Եթե իրավիճակը չկարգավորվի, Արցախի 120,000 հայրենակիցներին աննախադեպ հումանիտար աղետ է սպառնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

15b23cd9f0a0afb5975e39093ec848bc_M

Արցախում վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Թշնամին շարունակում է փակ փահել Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ռուսական խաղաղապահները մինչ այժմ չեն կարողացել կամ բավարար ջանքեր չեն գործադրել այն վերաբացելու համար, թշնամին նաև անջատել է Արցախ մտնող բնական գազը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիք Չալաբյանը։

«Եթե իրավիճակը հրատապ չկարգավորվի, Արցախի մեր 120,000 հայրենակիցներին աննախադեպ հումանիտար աղետ է սպառնում, վիճակը օր օրի ավելի օրհասական է դառնում: 

Այս ծանր պայմաններում մենք պարտավոր են մեզ հասու բոլոր միջոցներով սատար կանգնել մեր հայրենակիցներին։ Մասնավորապես, կարևոր է, որ ՌԴ խաղաղապահ անձնակազմը, անվերապահորեն կատարելով նոյեմբերի 9-ի համաձայնությամբ իրեն վերապահված լիազորությունները, ազատի Արցախի հիմնական ճանապարհը բոլոր հնարավոր խոչընդոտներից, վերացնի Արցախի ապօրինի պաշարումը և կանխի վերահաս հումանիտար աղետը։

Այս նպատակով վաղը, դեկտեմբերի 16-ին` ժամը 15:00, «Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը հանրային ակցիա կկազմակերպի Երևանում ՌԴ դեսպանության առջև (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի փ 13ա), որտեղ մենք ՌԴ դեսպանության աշխատակազմին կհանձնենք մեր պահանջները՝ անվերապահ կատարելու իր կողմից ստանձնված միջազգային պարտավորությունները, ապահովելու անխոչընդոտ երթևեկությունը Արցախի և արտաքին աշխարհի միջև, և դրանով վերջ դնելու Արցախի ապօրինի պաշարմանը։ 

Միացե՛ք մեր հանրային գործողությանը, և ձեր ներկայությամբ և վճռականությամբ սատար կանգնեք աղետի եզրին հայտնված մեր հայրենակիցներին»։ 

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբ

--00—ՅՄ