Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը երկարացվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Arusyak-Alexanyan

Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը երկարացվել է: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մասամբ բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու մասին միջնորդությունը՝ կալանավորման ժամկետը երկարացնելով մեկ ամիս ժամկետով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ ավելի վաղ դատարանը մերժել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու մասին միջնորդությունը, իսկ դատավորի օգնականը, որը նույնպես ձերբակալվել, ապա կալանավորվել էր, ազատ է արձակվել գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։

Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։

--00—ՅՄ