Արցախի խանութներում բրնձի, ձեթի, ձվի, ալյուրի պակաս կա, շաքարավազ, միրգ ու բանջարեղեն գրեթե չկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

175111

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից շարունակվում են Ստեփանակերտ քաղաքում գործող 22 առևտրային օբյեկտներում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ ամենօրյա ռեժիմով իրականացվող դիտարկումները: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը:

«Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ նմանատիպ դիտարկումներ իրականացվում են նաև Ասկերան, Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոններում և կատարված դիտարկումների արդյունքները տրամադրվում են Հանձնաժողովին:

Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն սննդամթերքի և դեղորայքի կանոնավոր մատակարարում չի իրականացվում:

Դեկտեմբերի 28-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների առևտրային օբյեկտներում իրականացված դիտարկումների արդյունքներով նկատվում են բրնձի, ձեթի, ձվի, պանրի, ալյուրի, ձկնեղենի և ծխախոտի որոշակի տեսակների պակաս, իսկ որոշ ապրանքատեսակներ գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ոլոռ, ձավար, աղ, բանջարեղեն և մրգեր։ Լրիվ բացակայում են երշիկ և նրբերշիկ ապրանքատեսակները»,-մանրամասնել է վարչության պետը։

Ներկայացնելով դիտարկումների արդյունքում բանջարեղենի և մրգի շուկայում արձանագրված արդյունքները, Հրաչ Ավթանդիլյանը նշել է, որ բանջարեղենի ու մրգի գերակշիռ մասը ներկրվում էր Հայաստանի Հանրապետությունից և, շրջափակման հետևանքով, այժմ առկա է բանջարեղենի և մրգի դեֆիցիտ, մասնավորապես՝ կարտոֆիլի, սոխի, գազարի, կաղամբի, խնձորի և ադամաթուզի:

Ինչ վերաբերում է դեղամիջոցների խնդրին, ապա, ըստ Հրաչ Ավթանդիլյանի, շրջափակումից հետո զգացվում էր ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի, ինչպես նաև մանկական կերերի և տակդիրների պակաս:

«Նշեմ, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ սահմանափակ քանակությամբ ստացված դեղորայքը տեղաբաշխվել է Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների դեղատներում։ Այնուամենայնիվ, նկատվում է հակաբիոտիկ որոշ դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների պակաս»,-ասել է նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ