Այս ճակատագրական օրերին պիտի ավելի ուժեղ լինենք ու ավելի ամուր կանգնենք հայրենի հողին․ Առուշանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

img_8569.thumb_

Այս ճակատագրական օրերին պիտի ավելի ուժեղ լինենք ու ավելի ամուր կանգնենք հայրենի հողին։ Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշված ժամեր անց 2022-ը կթողնենք պատմության մեջ։ Հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի ու Արցախի համար անցնող 2022-ը լի էր բազում խնդիրներով։

Բայց ամենից կարևորն այն է, որ մենք շարունակում ենք մնալ կամային ու նույնքան պատրաստակամ՝ լուծելու մեր առջև դրված խնդիրները։

Եվ ոչ մի դեպքում, հարգելի՛ հայրենակիցներ, չենք պատրաստվում հետ կանգնել մեզ բաժին ընկած դժվարություններից։ Մենք պիտի հստակ գիտակցենք, որ, այո՛, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն, իսկ դրա համար այս ճակատագրական օրերին պիտի ավելի ուժեղ լինենք ու ավելի ամուր կանգնենք հայրենի հողին։ Պատրաստ պիտի լինենք պահելու հայրենիքի սահմանները։ Հայրենիքը սկսվում է խրամատից։

Հարգելի՛ գորիսեցիներ, մեր գործունեության առանցքը դուք եք, ձեր խնդիրներն են, որ մեր խոշորացույցի տակ են։ 2022-ին կյանքի կոչեցինք տասնյակ ծրագրեր, 2023-ին ձեզ հետ միասին շարունակելու ենք կառուցել և շեն պահել Գորիսը։

Մեր սիրելի համայնքի բնակավայրերը պիտի համաչափ զարգացնենք, համաչափ առաջընթաց պիտի գրանցենք բոլոր ոլորտներում։ Պարտավոր ենք եկող սերնդին ժառանգել բարեկեցիկ, ազգային ավանդույթներով հարուստ ու անվտանգ համայնք։ Սերունդները գալիքին արժանապատիվ պիտի նայեն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր երկրի համար գերլարված, որոշիչ օրեր են։ Բոլորիս երազանքներն ու նպատակները թերևս նաև անանձնական են և կապված են Մայր Հայաստանի ու Լեռնային Արցախի անվտանգության հետ։ Հիմա, առավել քան երբևէ, պիտի բռունցքվենք, համախմբվենք հանուն հայոց պետականության պահպանման։ Պատմության ընթացքում ունեցել ենք դժվարին օրեր, պարտություններ, բայց նաև հաղթանակներ։ Հիմա կրկնակի ուժեղ պիտի լինենք, որ սկիզբ դնենք համազգային նոր հաղթանակների։

Հայրենակիցնե՛ր,

Առաջնահերթ ու առանձնահատուկ շնորհավորում եմ սահմանին կանգնած զինվորին, սահման պահող կամավորին․ ուժ և տոկունություն ձեզ, տղե՛րք։ Համբերություն հերոսածին մայրերին։ Թո՛ղ Աստված իմաստություն տա մեզ բոլորիս, թանկագի՛ն հայրենակիցներ։ Թող Նոր տարին դիմավորենք վառ գալիքի նկատմամբ հույսով, Աստծո հանդեպ անկեղծ հավատով ու սիրով։ 2023-ը թող լինի համերաշխության ու իրապես հաղթանակների տարի։

Ապավինենք մեր ուժերին, զինվենք համբերությամբ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»։

--00—ՅՄ