Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունների միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

16741426891156

Հունվարի 10-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳ նախարարության Գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքից։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել` երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։

Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված եռակողմ համագործակցության կարևորությունը։

Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Նույն օրը կիպրական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

--00—ՅՄ