Թուրքիան դատապարտել է Մեքսիկայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

36c06c17-04bb-405b-8b21-71181b718657.jpg

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել ու դատապարտել է Մեքսիակի սենատի որոշումը և նշել, որ իբր դա հակասում է 1948թ․ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային և ՄԻԵԴ-ի որոշումներին։ Մինչդեռ Մեքսիկայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթն ընդունելիս վկայակոչել է մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

«Ցավալի է, որ Մեքսիկայի սենատի այս վտանգավոր որոշումը համընկավ այն բան հետ, որ Մեքսիկայից ժամանած խմբերի մասնակցությամբ երկրաշարժից տուժածների որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, և այն չի համընկնում Թուրքիա-Մեքսիկա բարեկամության հետ»,-ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Վերջում Թուրքիայի արտաքին քաղաքական գերտեսչությունը Մեքսիկայի սենատին կոչ է անում «շտկել այդ սխալ քայլը» և «պատմությունից թշնամանք չստեղծել»։

--00—ԶՀ