«Իմ քայլը» դաշինքի անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շինարարություն է անում․ Hetq

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

hetq

Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Գրում է Hetq-ը։

Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր։ 

Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։ 

փաստաթուղթ

Ըստ Բագրատ Մանուկյանի՝ իրենց նախ ասել են, թե բազմաբնակարան շենքը 5 հարկ է ունենալու, չի ունենալու իրենց բակ նայող պատշգամբներ և պատուհաններ, նրանց տան տարածքից 1.5 մետր հեռավորությամբ է կառուցվելու։

Սակայն, բնակիչների խոսքով, կառուցումն ընթացել է մի շարք խախտումներով։ Նախ՝ շինարարությունը սկսվել է ավելի վաղ, քան ընկերությունը շինթույլտվություն է ստացել։

Բագրատ Մանուկյանը նշում է՝ սկզբում սեփականատիրոջ և կառուցապատողի  հետ փորձել են ընդհանուր հայտարարի գալ, առաջարկել են վերանայել նախագիծը, փոփոխություններ մտցնել։ Երկար պայքարից հետո միայն վերջիններս ցույց են տվել նախագիծը, որտեղ Մանուկյանները հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Սրբուհի Մանուկյանը շինարար ինժեներ է, որպես մասնագետ նախագծում բազմաթիվ խախտումներ է տեսել, բայց որպեսզի ամեն ինչ օբյեկտիվ գնահատվի, որոշել են դիմել անկախ փորձագետի։

Փորձաքննության արդյունքում հայտնաբերված խախտումները վերաբերել են սահմանազատմանը՝ որոշ հատվածներում չի պահպանվել ըստ համաձայնագրի սահմանված 1.5 մետր հեռավորությունը։

 

«Հաշվի առնելով հետազոտության տրամադրված  նախագծման թույլտվությամբ սահմանված մինչեւ 6 վերգետնյա հարկով, ինչպես նաեւ կիսանկուղային հարկով բնակելի շենքի նախագծումը, նման պարագայում, թվով 6  վերգետնյա հարկերի ընդհանուր ներքին մակերեսը, չի ապահովվում «քաղաքային և գյուղական  բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի 69-րդ կետով սահմանված կառուցապատման խտության գործակիցը: 

Համաձայն հետազոտության տրամադրված նախագծի թերթերում առկա տվյալների՝ կառուցվող շինությունում առկա չէ բացօթյա ավտոկայանատեղիի համար նախատեսված լուծումը։ Նման պայմանների դեպքում չեն պահպանվում նաեւ թիվ 01/18-07/1-Ս-6588-1080 նախագծման թույլտվության 9.7 կետով սահմանված պահանջները, այն է` նախագծով լուծել ավտոտրանսպորտի անվտանգ ելումուտի եւ բացօթյա ավտոկայանման խնդիրները։ Շենքերի վերգետնյա հարկերի քանակը չպետք է լինի 5-ից ավելի, բայց հետազոտությանը տրամադրված բնակելի շենքի նախագծի կտրվածքում երեւում է, որ վերգետնյա հարկերի քանակը 6-ն է»,-նշված է փորձաքննության մեջ։ 

Նախագծի վերգետնյա երկրորդ հարկի հատակագծում երեւում է, որ առկա է բաց պատշգամբ՝ դեպի Այգեստան 2-րդ փողոց, թիվ 18/5 հասցեի ուղղությամբ դիտելիությամբ, որը ևս խախտում է: 

«Ման գրուպ» ՍՊԸ տնօրեն Վահե Օհանջանյանը, սակայն, համաձայն չէ անկախ փորձագիտական կենտրոնի փորձաքննության եզրակացության հետ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրենք նույնպես կհրավիրեն փորձագետների։

Մանուկյանները դիմել են նաև Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Տեսչական մարմնից պատասխանել են, որ Այգեստան 2-րդ փողոց 16 տուն հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ  քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Երեւան համայնքի ղեկավարի կողմից նախագծման թույլտվության եւ ներկայացված աշխատանքային պատճենների միջեւ հայտնաբերվել են նախագծի անհամապատասխանություններ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։