Ճանապարհային նշանների կիրառմամբ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

95886789e971030ef1e7225711f33dc0

Երևանի կանգառասրահներում մեկնարկել է նոր աղբամանների տեղադրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման: 

Ճանապարհային նշանների կիրառմամբ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը: Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցները վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում հաճախ չեն ապահովում սանիտարական պատշաճ վիճակն ու անվտանգության կանոնները: Հանձնարարվել է քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությունների հիման վրա առանձնացնել հասցեներն ու գործընթացը պահել մշտական հսկողության ներքո:

Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով ծրագրեր են իրականացվում մի շարք ուղղություններով: Ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը, հաշվետու ժամանակահատվածում փոխարինվել են 66 փայտակոճ և 4 ռելս։

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում  համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգման ծավալուն աշխատանքներ են իրականացվել: Ընթացիկ տարում մարզական օջախում նաև հովացման համակարգ կտեղադրվի:

Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կուտակված աղբի տեղափոխման գործընթացը կներառվի Գետառի մաքրման տարեկան ծրագրում, որպեսզի մշտապես իրականացվեն մաքրման աշխատանքներ:

Տրոլեյբուսների, ինչպես նաև համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում:

Մինչև փետրվարի վերջ Երևանում կլինեն նաև նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուսները:

--00—ՅՄ