Եղեգիսի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգի պատճառով Գետափ-Մարտունի ճանապարհը կգործի միակողմանի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

1

Ապրիլի 7-ին՝ ժամը 22։19-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը ՄՓՎ պետի գլխավորությամբ:

Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության, տրանսպորտի բաժնի և ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի հենապատի սկզբնամասում, գետի ջրի հոսքը առաջացրել է հողաշերտի սահք՝ մոտ 27 խմ, մոտ 13 քմ ասֆալտապատ շերտը մնացել է առանց հողային զանգվածի հիմքի․ առկա է  փլուզման վտանգ։

Փրկարարները սահմազատել են ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածը: Ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Մարզային ոստիկանության ծառայողների կողմից սահմանվել է հերթապահություն:

--00—ԼՄ