Ադրբեջանին զենքի վաճառքը թույլատրող լիցենզիայի արգելափակմանն ուղղված կոչին միացել են 17 կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ամն

ԱՄՆ Կոնգրեսի տասնյոթ ներկայացուցիչներ միացել են կոնգրեսական Ադամ Շիֆին (D-CA)՝ կոչ անելով Բայդենի վարչակազմի առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին արգելափակել առաջարկվող լիցենզիան, որը թույլ է տալիս ամերիկյան արտադրության գերհզոր հրացաններ վաճառել Ադրբեջանին։ Տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի գրասենյակից:

Շիֆի նամակը հաջորդում է անցյալ ամիս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (D-NJ) կողմից ուղարկված նմանատիպ նամակին և այս տարվա փետրվարին ուղարկված ANCA-ի ավելի վաղ նամակին:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ներկայացուցիչ Շիֆին և բոլոր նրանց, ովքեր միացան նրան՝ պահանջելով քարտուղար Ռայմոնդոյից վաղուց ուշացած պատասխաններ Կոնգրեսի բազմաթիվ հարցումներին և այս տարվա փետրվարի 13-ի մեր դեռևս անպատասխան նամակին», – ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Շիֆի նամակը յոթ հիմնական հարց է տալիս քարտուղար Ռայմոնդոյին, ով նախկինում ծառայել է որպես Ռոդ Այլենդի նահանգապետ:

Ադրբեջանին ամերիկյան հրացանների հնարավոր վաճառքի մասին լուրը, ներառյալ հարձակողական ոճի և կիսաավտոմատ դիպուկահարների մոդելները, առաջին անգամ տարածվել է փետրվարի 1-ին, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (D-NJ) հայտարարեց առաջարկվող վաճառքի շուրջ իր «խորը մտահոգության և խիստ հակազդեցության» մասին։

«Զենքի արտահանումը ավտորիտար երկիր, որը պատերազմ է մղում հարևանի դեմ, շրջափակում է խոցելի բնակչությանը և թույլ է տալիս մարդու իրավունքների ոտնահարում, համահունչ չէ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին ուղղված վարչակազմի հավատարմությանը», – ասվում է սենատոր Մենենդեսի՝ քարտուղար Ռայմոնդոյին ուղղված նամակում:

--00—ՍՊ