ՀՀ-ն բոլոր ուղղություններով տարածում է Ֆրանկոֆոնիան և նրա գաղափարները․ Լիտվայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

Լիտվայի օրենսդիր մարմնում՝ Սեյմում, մարտի 20-ին  տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված «Ֆրանկոֆոնիան, ժամանակակից աշխարհը և թվային տարածությունը» խորագիրը կրող կոնֆերանսը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել  Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Լիտվայի Սեյմի պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Լիտվայի պատվիրակության ղեկավար Արունաս Գելունասը (Arūnas Gelūnas), ով մասնավորապես նշել է, որ չնայած ՖՄԿ-ում Լիտվան ունի դիտորդի կարգավիճակ, այնուամենայնիվ ակտիվորեն մասնակցում է միջոցառումներին և խրախուսում ֆրանկոֆոն արժեքների տարածումն իր երկրում, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից

Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Մկրտչյանը նշել է, որ գիտաժողովի թեման պատահական չի ընտրվել, քանզի այսօր Ֆրանկոֆոնիան նաև թվային տարածություն է նորարարությունների և զարգացումների համար։ Անդրադառնալով Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ընտանիքի ակտիվ անդամի գործունեությանը կազմակերպությունում, դեսպան Մկրտչյանն ասել է, որ մեր երկիրը բոլոր հնարավոր ուղղություններով տարածում է Ֆրանկոֆոնիան և վերջինիս գաղափարները։

Ներկայացնելով 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի արդյունքներն ու ձեռքբերումները՝ Տ․Մկրտչյանը միաժամանակ հայտնել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումն ու առաջընթացը ՀՀ կառավարության առաջնահերություններից է, որի իրականացման համար կարևոր դեր է խաղում նաև ՖՄԿ թվային և տնտեսական ռազմավարությունը։

Ելույթներով հանդես են եկել նաև Լիտվայում Ֆրանսիայի դեսպան տիկին Կլեղ Լինիեր-Կունատը, ով ներկայացրել է ֆրանկոֆոնիայի նպատակները՝ համերաշխությունը, ժողովուրդների իրավահավասարութունը, երկխոսությունը, ժողովրդավարությունն ու դրանց խրախուսմանն ուղղված կազմակերպության հանձնառությունները։ Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Գայ-Ֆիլիպ Գոլշտայնն անդրադարձ է կատարել ՖՄԿ թվային տարածությունում առկա մարտահրավերներին, սպառնալիքներին և դրանց դիմակայմանն ուղղված միջոցառումներին։