Հորդորում ենք պատկան մարմիններին գործի քննությունն իրականացնել առանց տիկին Գայանեի մեկուսացման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

6970d4c20c10aa225134d0002e3dd537-1044x663.jpg

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։

Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին և կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում:

Հորդորում ենք իշխանության պատկան մարմիններին, առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները և զգայունությունները, քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Հակոբյանի մեկուսացման։

Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր պետության անվտանգության համար։ Աղոթում ենք նաև նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար և մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին:
--00—ԶՀ