Amnesty International-ը հրապարակել է ՀՀ 13 գործչի անուն, որոնց փորձել են լրտեսել Pegasus-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

գհ

Հայաստանցի առնվազն 13 գործիչ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Այդ մասին նշվում է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։

Իրավապաշտպան կազմակերպությունն ուսումնասիրությունն իրականացրել է Access Now, Citizen Lab, CyberHUB-AM ընկերությունների, բջջային հեռոխոսների անվտանգության հետազոտող Ռուբեն Մուրադյանի հետ համատեղ։ Լրտեսական ծրագիրն օգտագործվել է 2020 թ նոյեմբերից մինչև 2022 թ. դեկտեմբերը, եւ ըստ փորձագետների` հակամարտությունը կարող էր նման հետապնդումների պատճառ դառնալ։ Այս մասին գրում է «Փաստինֆո» լրատվականը։

Pegasus լրտեսող ծրագրով վարակված են եղել «Ազատություն» ռկ-ի երկու լրագրողների՝ Կառլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի հեռախոսները, Արցախի նախկին ՄԻՊ-ը, ՄԱԿ-ի աշխատակիցներ, ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարը, քաղհասարակության ևս յոթ ներկայացուցիչներ։

Երկու լրագրողի հեռախոսները վարակել են 2021-ի ապրիլ-մայիս ընկած հատվածում, երբ նրանք լուսաբանում էին ԼՂ հակամարտության հետևանքներն ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամը։ Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հեռախոսը` 2021-ի մայիսին, երբ ակտիվորեն դիտարկում էր խորհրդարանական ընտրությունները։

2021թ. մայիս-հուլիս ամիսներին մի քանի անգամ վարակել են ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը, որը մասնակցել է ԼՂ ճգնաժամի հարցով բանակցություններին։

2021թ. հունիսին վարակել են թյուրքագետ, պատմական գիտությւոնների թեկնածու Վարուժան Գեղամյանի հեռախոսը, որն այդ շրջանում Ադրբեջանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսություններ էր կարդում։

2022-ի հունիսին վարակել են ArmNews TV-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հեռախոսը,

2022-ի հոկտեմբեր-նոյեմբերին` Հայաստանի նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հեռախոսը:

13 տուժածներից վեցը, որոնց սարքերում հայտնաբերվել է լրտեսող ծրագրեր, և ովքեր մասնակցել են հետաքննությանը, նախընտրել են անանուն մնալ, նրանց թվում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեկ ակտիվիստ, քաղհասարակության մեկ գործիչ և ՄԱԿ-ի երկու աշխատակից:

Հետազոտությունը Հայաստանում սկսվել է 2021-ի նոյեմբերին, երբ Apple-ն իր արտադրած հեռախոս օգտագործողներին ծանուցումներ է ուղարկել Pegasus-ով վարակված լինելու մասին։
Amnesty International-ի հաղորդագրության համաձայն, զոհերի դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սարքերը վարակելը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Պեգասուսով վարակման առաջինդեպքերը Հայաստանում տեղի են ունեցել 2020 թվականին՝ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երկրի պարտությունից հետո քաղաքական ճգնաժամի և հետագա 2021 թվականի ընթացքում։ Վարակների երկրորդ ալիքը տեղի է ունեցել 2022 թվականին, որը համընկավ հակամարտության գոտում լուրջ էսկալացիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Սոչիում և Պրահայում խաղաղ բանակցությունների, ինչպես նաև անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետ։
Հայաստանում Pegasus-ի վարակման առաջին ալիքի ընթացքում հետաքննությունը հայտնաբերել է տասը մարդու, ովքեր թիրախավորվել են 2020-2021 թվականներին, և հայտնաբերվել է նրանց բջջային սարքերի հաջող վարակման 17 դեպք։

--00—ԱՊ