Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

Մարմնամարզության հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հենացատկերի վարժությունում Հայաստանի բացարձակ չեմպիոն Արթուր Դավթյանը հավաքելով 14,849 միավոր գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ եզրափակիչ: Դավթյանից առաջ անցան Ուկրաինայի և Կորեայի ներկայացուցիչները:

Ավելի վաղ՝ օղակների վարժության որակավորման փուլում Վահագն Դավթյանը գրավել է երկրորդ, իսկ Արթուր Թովմասյանը` երրորդ տեղը: Երկուսն էլ դուրս են եկել գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Հաջող է մեկնարկել նաև Հարություն Մերդինյանը, որը, նժույգաթափերի վրա զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, դուրս է եկել եզրափակիչ փուլ:

Հայաստանի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի գավաթի փուլին մասնակցում է 4 մարզիկով: