Նոր Զելանդիայում հազարավոր մարդիկ 2 րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 22, 24News

նոր զելանդիա

Նոր Զելանդիայում հազարավոր մարդիկ 2 րոպե լռությամբ հարգել են անցած շաբաթ Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 50 զոհերի հիշատակը, հաղորդում է abc.net.au-ն:

Մարդիկ հավաքվել են ալ Նուր մզկիթի մոտ գտնվող Հեգլի այգում: Ուրբաթօրյա աղոթքը հեռարձակվել է երկրի ամբողջ տարածքում:

Զոհերի հիշատակին նվիրված երթին մասնակցել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, մոտ 30 բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև մահմեդական համայնքի ներկայացուցիչներ:

Աղոթքից հետո տեղի է ունեցել ահաբեկչության 26 զոհի զանգվածային հուղարկավորությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչական գործողությունից հետո մահմեդական ուրբաթօրյա աղոթքին ընդառաջ կրկին կբացվեն հարձակման թիրախ դարձած մզկիթները:

Օրեր առաջ Քրայսթչըրչի փողոցներում հազարավոր մարդիկ, ի նշան վշտի, պարել էին Նոր Զելանդիայի մաորի ցեղի ավանդական հակա ռազմապարը, որը պարում են թաղման ժամանակ՝ հարգանքի տուրք մատուցելով հանգուցյալին:

Հիշեցնենք, որ Քրայսթչըրչ քաղաքում տեղի ուենցած ահաբեկչական հարձակումը 50 մարդու կյանք էր խլել: Ահաբեկչության համար ձերբակալված 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտին սպանության մեղադրանք է առաջադրվել: Նրա գործով հաջորդ դատական լսումը նշանակված է ապրիլի 5-ին, իսկ մինչ այդ նրան կշարունակեն կալանքի տակ պահել: Տարանտն իր արարքը բացատրել է Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների դեմ վրեժխնդրությամբ: