Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի Պանթեոն կտեղափոխվի 2024-ի փետրվարի 21-ին. Մակրոնի որոշումը հրապարակվեց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

մկ

Հունիսի 18-ին՝ Ֆրանսիայի ազատագրման վերաբերյալ Գեներալ դը Գոլի կոչի օրը, Ելիսեյան պալատը պաշտոնապես ազդարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատմական որոշման մասին՝ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի Պանթեոն տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:

Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել «Միսաք Մանուշյանի բացառիկ սխրանքը, բոլոր սահմանները հատող հայրենասիրական մղումը», որոնք «ոգեշնչման առանձնահատուկ աղբյուր են Ֆրանսիայի համար»: «Միսաք Մանուշյանը մարմնավորում է Ֆրանսիայի մեծության մի մասը։ Նա կրողն է համամարդկային արժեքների»՝ «ազատության, հավասարության, եղբայրության», որոնցով տոգորված, իր մարտական ընկերների հետ միասին, «պաշտպանել է Ֆրանսիական Հանրապետությունը»։

Միսաք Մանուշյանն այսպիսով կդառնա առաջին օտարազգի գործիչը, ով մուտք կգործի ֆրանսիացի մեծությունների աճյուններն ամփոփող տաճար՝ դառնալով հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող հազարամյա բարեկամության կարևոր խորհրդանիշ, որն առավել ամուր է՝ Միսաք Մանուշյանի նման բացառիկ և վառ անհատների շնորհիվ:

1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի մեծարմամբ Ֆրանսիան իր երախտագիտությունն է հայտնում նաև բոլոր հայորդիներին, ովքեր, ծնված լինելով օտար հողում, իրենց կյանքը նվիրաբերել են հանուն Ֆրանսիայի ազատության ու ֆրանսիական արժեքների և Ֆրանսիայի արժանի զավակ դարձել իրենց թափված արյամբ։

Միսաք Մանուշյանի պանթեոնիզացիայի արարողությունը, կնոջ՝ Մելինե Մանուշյանի ուղեկցությամբ, նախատեսվում է 2024թ. փետրվարի 21-ին՝ Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ։

Միսաք Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքսնադր Դյուման և այլք։

 

--00—ԱՊ