ՀՀ ֆուտբոլի հավաքականն իր հաղթանակը պիտի նվիրեր արցախահայերին, այսօր 2-րդ հնարավորությունը կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ֆռ

Սա իհարկե ավելի վաղ պիտի արվեր՝ Ուելս-Հայաստան խաղից անմիջապես հետո. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, հումանիզմի ու բարոյականության բոլոր օրենքներով, իր փայլուն հաղթանակը պիտի նվիրեր Արցախում արդեն կես տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին, չէ՞ որ նաև արցախցիներինն է այդ «ազգային հավաքականը»՝ իր ձեռքբերումներով հանդերձ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Հատկապես որ հունիսի 15-ից սկսած՝ Արցախում արգելված է անգամ հումանիտար բեռների և Կարմիր Խաչի ելումուտը։

Սա չարվեց, և այսօր երեկոյան հավաքականն ունի երկրորդ հնարավորություն։ Լատվիայի հավաքականին հաղթելու դեպքում մեր թիմը ոչ թե կարող է, այլ ավելին, պարտավոր է իր հաղթանակը նվիրել Արցախում աշխարհից կտրված մեր հայրենակիցներին։ Չի բացառվում, իհարկե, որ այսօրվա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենևին հակառակ ցանկություններ ունի, և չխրախուսի թիմի կողմից նման բովանդակության քայլերը։ Այստեղ արդեն հանգում ենք ամեն ֆուտբոլիստի անհատական քաղաքացիական ու մարդկային որոշմանը։ Կարելի էր, իհարկե, չսպասել խաղի արդյունքներին, և նախքան խաղը՝ հարցազրույցներում, ասուլիսներում և հրապարակային այլ ելույթներում մեր այսօրվա՝ իրոք միջազգային բարձր կարգի խաղ ցույց տվող ֆուտբոլիստները կարող էին արտահայտվել այս մասին՝ օգտագործելով միջազգային մամուլում հայտնվելու բոլոր առիթները։

Երբ օտարազգի, օտար հավաքականի խաղացողն իր մարզաշապիկն է վաճառում՝ Արցախին ուղղելով հասույթը, սա մենք հուզմունքով ու ոգևորությամբ ենք ընդունում։ Սեփական հավաքականի կողմից սա, թվում է, նույնիսկ չպետք է քննարկվեր, պետք է քննարկվեին միայն հնարավոր ամենաարդյունավետ ձևերը՝ ուղերձները լայն միջազգային լսարանին հասցնելու համար։ Դա նաև կարևոր էմոցիոնալ նշանակություն կունենար արցախցիների համար, որոնք կարիք ունեն իրենց այսօր աշխարհի մասը զգալու, գոնե այդ կերպ՝ հոգեբանական շրջափակումից դուրս գալու, իրենց հայրենակիցների կողմից լքված չզգալու։ Թուրքական զենքի ու հայաստանյան անտարբերության պատնեշը պիտի նաև նման քայլերով ճեղքենք»։

 

--00—ԱՊ