Երևանին պետք է եվրոպական մակարդակի, ամենաբարձր՝ 4-րդ կատեգորիայի ազգային մարզադաշտ․ Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

354612622_809198130575564_6537198129505553545_n

Իհարկե, Երևանում առկա բազմաթիվ առաջնային խնդիրների կողքին, մեգանախագծերը որոշ մարդկանց թվում են ոչ կարևոր։ Բայց հենց նման նախագծերն են նաև Երևանը դարձրել հզոր մայրաքաղաք։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Պատկերացնու՞մ եք, եթե ժամանակին չկարևորվեր Մարզահամերգային համալիրի կամ Օպերայի շենքի կառուցումը։

Երևանի Հանրապետական մարզադաշտը կառուցվել է 1935թ․, որը սակայն 1965թ․՝ սրանից մոտ 60 տարի առաջ, այդ ժամանակվա իշխանությունների կողմից համարվեց մեր քաղաքին «չսազող», մեր նպատակների համար «փոքր» մարզադաշտ, և սկսվեցին Հրազդան մարզադաշտի շինարարական աշխատանքները։

Ես հավատում եմ այն մտքին, որ Արարատի չեմպիոնության մեջ մեծ դեր է խաղացել Հրազդան մարզադաշտը՝ այդ ժամանակ աշխարհի ամենամեծ մարզադաշտերից մեկը, որի այժմյան ճակատագիրը ուղղակի հերթական խայտառությունն է։

Եվ ահա, սպորտի զարգացող աշխարհում, Երևանն աշխարհին ներկայանում է 60 տարի առաջ արդեն մեզ «չսազող» մարզադաշտով, ընդ որում, հանդիսականների ավելի փոքր քանակով՝ ընդամենը 16,000:

Իսկ զուգահեռ իրականությունում, չնայած որ Հ1-յան Հայաստանում «աննախադեպ» տեմպերով զարգանում է մեր երկիրը, Վրաստանում է անցկացվում Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ մի քանի տարի առաջ էլ անցկացվել է Եվրոպայի սուպերգավաթը։

Երևանին պետք է եվրոպական մակարդակի, ամենաբարձր՝ 4-րդ կատեգորիայի ազգային մարզադաշտ, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի շատ մարդկանց վայելել մեր ֆուտբոլիստների հաղթանակները, այլ նաև անցկացնել միջազգային մրցաշարեր, եվրոգավաթների եզրափակիչ հանդիպումներ։

ՈՒժեղ լինելու մեր հանրահռչակումը պետք է իրականացվի բոլոր ոլորտներում։

 ՈՒժեղ Երևան, հզոր Հայաստան կառուցելն այլընտրանք չունի»։

--00—ՅՄ