Ադրբեջանի համար զսպող գործոն չէ ընթացող բանակցային գործընթացը․ ֆրանսիացի սենատորները՝ Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

սս

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետ համատեղ աշխատանքային քննարկում է իրականացրել, որը նախագահել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին այցի եւ հանդիպման կազմակերպման համար:

Դիմելով հանդիպման մասնակից ֆրանսիացի գործընկերներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ նրանց հավաքական ջանքերի շնորհիվ է Ֆրանսիայի Սենատը 2020 թվականի նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ աջակցությամբ ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձեւը:

Նա հիշատակել է նաեւ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, նույն տարվա նոյեմբերի 15-ին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բացարձակ մեծամասնությամբ ընդունված ազդեցիկ բանաձեւը եւ մի շարք այլ բանաձեւեր ու փաստաթղթեր:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարվա ապրիլին Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության այցը Տեղ համայնք ահազանգի հնչեցում էր միջազգային հանրության համար եւ սթափության կոչ Ադրբեջանին:

Ֆրանսիացի սենատորները նկատել են, որ Ադրբեջանի համար զսպող գործոն չէ ընթացող բանակցային գործընթացը: Այս համատեքստում զրույց է ընթացել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին:

Հայ պատվիրակները նշել են, որ ակնկալում են եվրոպացի գործընկերներից հայ գերիների վերադարձի հարցն ուշադրության կենտրոնում պահելը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Հանդիպմանը ներկա սենատոր Մարիա-Արլետ Կարլոտին ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել իր համահեղինակած զեկույցը 44-օրյա պատերազմի վերաբերյալ` մատնանշելով, որ այդ պատերազմը պատմության մեջ երբեւէ եղած ամենադաժաններից էր, որը նման չէր որեւէ այլ ռազմական բախման եւ ուսումնասիրության հսկայական նյութ է պարունակում:

--00—ՍՊ