ՆԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են․ ներկայացվել է ոստիկանությանը տրամադրված ԱԹՍ-ները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

Հուլիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Վահե Ղազարյանը ողջունելով դեսպանին՝ բարձր գնահատեց հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը, ինչի հիմքը դրվել է 1995 թվականին ստորագրված երկկողմ վարչական համաձայնագրի շնորհիվ։ ՆԳ նախարարը մատնանշեց ոստիկանության շուրջ 1000 ծառայողների համար կազմակերպված 100-ից ավելի միջոցառումները, որոնք իրականացվել են Համաձայնագրի շրջանակներում։

Նախարար Վահե Ղազարյանը ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ հարաբերությունները՝ առանձնացրեց հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև և միգրացիայի ոլորտում՝ Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցչության հետ սերտ փոխգործակցությունը։

Անն Լույոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց համագործակցության կարևոր ուղղությունները։ Արտակարգ և լիազոր դեսպանը ուրախությամբ փաստեց «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպոլի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ռումինիայի և Հայաստանի ներկայացուցիչները։ Անն Լույոն հայտնեց նաև, որ այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն։

ՆԳ նախարարը առանձնակի արժևորելով Անն Լույոյի Հայաստանում պաշտոնավարման ընթացքում գործադրած ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ շնորհակալական խոսքեր հղեց արտակարգ և լիազոր դեսպանին և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը հյուրերը ներկայացրին Հայաստանի ոստիկանությանը տրամադրված դիտարկող նորագույն սերնդի անօդաչու թռչող սարքերը, որոնք հնարավորություն ունեն տևական ժամանակահատվածով լինել օդում՝ մինչև 12 կմ բարձրության վրա, և մեծ ճշգրտությամբ հաղորդել լուսանկարներ և տեսանյութեր։

--00—ՅՄ