Բադասյանը հյուրընկալել է Իրանի ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

բս

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 25-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներին, բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։

ԻԻՀ նախագահի խորհրդական, ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ երկու երկրների միջև փոխադարձ առևտրի, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խթանման, ինչպես նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողականորեն շարունակել աշխատանքային հանդիպումները՝ առարկայական արդյունքներ արձանագրելու նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ մաքսային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցում։

--00--ԼՀ