Էկվադորում բանտարկյալները պատանդ են վերցրել ավելի քան 50 բանտապահների և ոստիկանների

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

բանտ

Էկվադորի վեց բանտերում բանտարկյալները պատանդ են վերցրել ավելի քան 50 բանտապահների ու ոստիկանների։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է չափահաս և անչափահաս իրավախախտների պատիժն իրականացնող ծառայությունը։

«Հանրությանը հայտնում ենք, որ օգոստոսի 31-ին ժամը 18:00-ի դրությամբ 7 ոստիկաններ և  բանտային անվտանգության ու հսկողության ծառայության 50 աշխատակիցներ պահվում են ազատազրկման վեց կենտրոններում», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Ծառայության տվյալներով՝ բանտապահներին և ոստիկաններին պատանդ են վերցրել «հանցավոր խմբավորումների անդամներն»՝ ի պատասխան իրավապահների կողմից «բանտերում արգելված իրերի բռնագրավման»։

Գերատեսչությունը նաև հայտնել է Կիտոյի անչափահասների բանտում խռովության փորձի մասին: Հանցագործների գործողությունների պատճառով հրդեհ է բռնկվել քրեակատարողական կենտրոնում, տուժածների մասին տեղեկություններ չկան։

Վերջին տարիներին Էկվադորում նկատվում է հանցավորության կտրուկ աճ։ Հուլիսին իշխանությունները 60 օրով արտակարգ դրություն հայտարարեցին երկրի բոլոր բանտերում նույն օրը բռնկված մի քանի խռովությունների պատճառով, իսկ օգոստոսի 10-ին հանրապետությունում հայտարարվեց ընդհանուր արտակարգ դրություն՝ նախագահի թեկնածու Ֆեռնանդո Վիլյավիսենսիոյի սպանության պատճառով:

--00—ԼՀ