Բոլոր դպրոցները մինչև սեպտեմբերի վերջ կունենան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

դաս

Մինչև սեպտեմբերի վերջ Հայաստանում բոլոր դպրոցները կունենան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր կազմված դասագրքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում՝ պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյաի հարցին, թե 2-րդ, 5-րդ և 7-րդ  դասարանների դասագրքերը ե՞րբ կլինեն թղթային տարբերակով:

«Առաջին դասագրքերը երկուշաբթի օրը, այսինքն՝ փաստացի սեպտեմբերի 1-ից հետո առաջին աշխատանքային օրը մտել են դպրոցներ 5-րդ և 7-րդ դասարանի տարբեր դասագրքեր: Ինքս առիթ ունեցել եմ տեսնելու, որ դրանք դպրոցում են, քանի որ հենց այդ օրը Կաթնաղբյուրի դպրոցում էի։ Վաղն արդեն գրքերի նոր խմբաքանակ կուղարկվի դպրոցներ: Մինչև այս ամսվա վերջ բոլոր դասագրքերը կունենանք»,-ասաց նախարարը: 

Նախարարը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ այդ դասարանների նոր դասագրքերը հասանելի են էլեկտրոնային տարբերակով: Անդրեասյանը նաև նշեց, որ, եթե այս ժամանակահատվածում կարիք լինի որոշակի էջեր պատճենահանել, եթե էլեկտրոնային տարբերակի օգտագործումը հարմար չէ, ապա դա պետք է կազմակերպեն դպրոցները, ծնողները չպետք է ունենան որևէ մասնակցություն: 

«Կարծում եմ, որ սա այն փոքր դժվարությունն է, որը բոլորս պետք է հասկանանք: Շատ կարևոր փոփոխություն ենք իրականացնում: Միայն տպագրության մի քանի մրցույթի արդյունքում ավելի քան 60 տոկոսի արդյունավետության բարձրացում ենք ունենում: Մենք գնացել ենք նոր դասագրքերի ստեղծման ճանապարհով, որը երկրում չէր իրականացվել շուրջ 15 տարի: Կարծում եմ՝ բոլորս պետք է ունենանք համբերություն: Մեկ օրում չենք ձևավորելու իդեալական դասագրքեր: Ես սա նաև դիտում եմ իբրև փորձարկում: Մեր ուսուցիչները կօգտագործեն դասագրքերը դասարաններում, մենք շատ ուշադիր կհետևենք առաջացող հարցերին, դրա արդյունքում կլրամշակենք»,-ասաց նախարարը:

--00—ԼՀ