Չկա և չի լինելու օգնություն ո ՛չ Արևմուտքից, ո ՛չ էլ ԱՄՆ-ից. Հայաստանի կոմկուս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

կ2

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների որդեգրած՝ Հայաստանն այլ պետությունների աշխահաքաղաքական հակասությունների լուծման կիզակենտրոն դարձնելու քաղաքականությունը։

Կոմկուսի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Վերջին օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է Հայաստանում ժամ առ ժամ սրվում հակառուսական տրամադրությունները՝ գործող իշխանությունների դիլետանտիզմի հետևանքով։ Այն, որ հայ-ռուսական հարաբերություններում կան բացեր և անհրաժեշտ են գործուն քայլեր դրանք լրացնելու համար, ակներև է բոլորին, բայց պատերազմական իրավիճակում գտնվող երկրում մերժել ռազմավարական դաշնակցի զորավարժությունները և այն անցկացնել տարածաշրջանի համար չարիք հանդիսացող ԱՄՆ-ի հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում առողջ բանականության սահմաններում։ Այս բոլորին գումարենք հակառուսական հռետորաբանությունը, ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու կոչերը, 102-րդ ռազմաբազան դուրս հանելու պահանջը, վարչապետի տիկնոջ այցը ՈՒկրաինա, Իրանի հետ զորավարժությունների անցկացման մերժումը և շատ մոտ ապագայում կստանանք Վրաստան, ՈՒկրաինա կամ էլ Սիրիա։

Բնավ կարիք չկա պատմությանը դիմել՝ հասկանալու համար, որ չկա և չի լինելու օգնություն ո ՛չ արևմուտքից, ո ՛չ էլ ԱՄՆ-ից։ ՆԱՏՕ-ի և արևմուտքի հետաքրքրությունները Հայաստանում սահմանափակվում են զուտ այնքանով, որքանով որ կարող են դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, ինչին մենք կտրականապես դեմ ենք։ Հայերից բացի, ոչ մեկի համար հայի արյունն արժեք չունի, սև ոսկին ավելի թանկ է։

Իշխանություններին հորդորում ենք ետ կանգնել այս աղետաբեր գործելաոճից, սթափվել քանի դեռ ամեն ինչ կորած չէ։ Ջուր մի լցրեք հակառուսականության ջրաղացին, մտածեք ժողովրդի և պետության ճակատագրի մասին, այլ ոչ թե դարձեք մանրադրամ գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտություններում, որի արդյունքն ակներև է՝ պետականության կորուստ, նոր ցեղասպանություն»:

--00—ԼՀ