Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ առաջարկի իր հատվածը` բացել միջանցքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

52673701527_d3d590721a_b.thumb_

Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ ներկայացված առաջարկի` իրեն վերաբերող հատվածը` բացել «Լաչինի միջանցքը» և հնարավորություն տալ Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Թեպետ այս պահին էլ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ, սակայն զուգահեռ ադրբեջանական կողմից գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչում, ինչը իրավիճակը հրում է փակուղի:

Ի դեպ, Ադրբեջանի գործողությունները հակասում են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններից` իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ արած առաջարկներին, ինչը ենթադրում է, որ միջազգային դերակատարները պետք է ճնշումներն ուժեղացնեն Ադրբեջանի նկատմամբ:

Ստեղծված իրավիճակում տարբեր մայրաքաղաքների գործողությունները ցույց կտան, թե ով և ինչպես է հավատարիմ տարածարջանային խաղաղության ու կայունության վերաբերյալ իր հռչակած սկզբունքներին»:

--00—ՅՄ