Արտակարգ նիստում կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը. ԵԱՀԿ ԽՎ նախագահը՝ Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2023-09-28_14-31-32

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահը կխրախուսի անդամ բոլոր պետությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը:

Ալեն Սիմոնյանը ողջունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երեւանում անցկացնելու որոշումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովն ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում են բոլոր գործընկերներին նոյեմբերին հյուրընկալել Հայաստանում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման մանրամասներին եւ դրա հետեւանքներին՝ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է բռնի տեղահանվածների խնդիրներն ու իրավիճակի բարդությունը: Գործընկերոջ խնդրանքով նա անդրադարձել է նաեւ գործողությունների այն ծրագրին, որով Հայաստանը սկսել է ընդունել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին:

Կողմերը քննարկել են Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ագրեսիան՝ անթույլատրելի համարելով պաշտոնական Բաքվի անթաքույց նկրտումները:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում ակնկալում են, որ ԵԱՀԿ ԽՎ-ն՝ որպես ժողովրդավարական արժեքների պաշտպան եւ կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն կողմնակից կառույց, իր դիրքորոշումը կհայտնի մեր երկրի դեմ իրականացվող գործողությունների շուրջ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի են, եւ ժողովրդավարությունն է մեր երկրի առաջնային օրակարգը: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առանձնացնելով մարտահարավերներն ու դրանց անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ ամենօրյա ռեժիմով հետեւում են զարգացումներին՝ հետաքրքրվելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական սպառնալիքներով:

Նա նշել, որ առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ արտակարգ նիստ է պլանավորվում, որին նախատեսում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների մասնակցությունը. կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները:

--00—ՅՄ