ԱԱԾ-ն ազատ է արձակել ՊՎԾ-ի ձերբակալված պաշտոնյային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ԱԱԾ

Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված պաշտոնյաներից մեկը՝ Գևորգ Խաչատրյանը, ազատ է արձակվել։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

«Դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ»,- ասաց ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավարը:

Հարցին, թե ինչ հիմքով է Խաչատրյանի՝ խափանման միջոց կալանավորումը փոխարինվել չհեռանալու մասին ստորագրությամբ, Գալստյանը նշեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել։ 

Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է: Նրա գործառույթը ՊՎԾ-ում մրցույթների օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելն է։

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հիշեցնենք, նույն գործով դեռևս կալանավորված է մնում երկու անձ՝ ՊՎԾ  վարչության պետերից մեկը և նրան փոխկապակցված ձեռնարկատեր՝ «Զովաշեն» ՍՊԸ-ից: