Մեղրիի երթուղու ստեղծումը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ. Գալուզին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1-8

Այս տարվա հունիսի 2-ին, երբ տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը, կողմերը զգալի առաջընթաց արձանագրեցին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղով շարժվելու ուղղությամբ։ Այս մասին РБК-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, մասնավորապես՝ Մեղրիի երթուղու ստեղծումը, Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ։ Ի վերջո, խոսքը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին է, ուստի ես իրավունք եմ վերապահել ինձ՝ օգտագործել Մեղրիի երթուղի անվանումը։ Այո, Ադրբեջանում այն ​​կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Ասենք միայն, որ այս ձևակերպումը հարմար է բոլորին. մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ համաձայնության գալ»,-ասել է նա։ 

Գալուզինը նշել է, որ այս համաձայնագիրը շատ կարևոր գործոն կլինի Հարավային Կովկասում ընդհանուր կայունացման համար․ «Դա կնպաստի Հարավային Կովկասում բոլոր պետությունների տնտեսական զարգացմանը, քանի որ այս դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ տրանսպորտային և լոգիստիկ հանգույց, ամրապնդել և ընդլայնել իր տրանսպորտային կապերը Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ»,-նշել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը հնարավորություն կունենա անխափան ռիթմիկ տրանսպորտային կապեր ունենալ երկրի երկու հատվածների միջև։

«Մենք հաստատակամ շարունակելու ենք խթանել այդ խորհրդակցությունները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։ 

--00—ՅՄ