Բրյուսելի Պողոսյան հիմնադրամում բացվել է Հայաստանի պատմությունը ներկայացնող ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

թա

Բրյուսելի ամենահայտնի մշակութային օջախներից մեկում՝ Պողոսյան հիմնադրամում (Boghossian Foundation) բացվել է «Հայաստան․ Սրբազանի ժամանակը» խորագրով ցուցահանդեսը, որը մինչեւ 2024 թվականի մարտի 10-ը այցելուներին կներկայացնի Հայաստանի պատմությունը։

«Նույնիսկ վերջին շաբաթների ողբերգական իրադարձությունները գալիս են փաստելու, որ խոսքը տառապանքի պատմության մասին է։ Այդուամենայնիվ, հմայքը մնում է անփոփոխ՝ ի դեմս այս քաղաքակրթությանը բնորոշ բացառիկ ճարտարապետական եւ մշակութային ժառանգության։ Մեզ համար շատ կարեւոր էր եւ խորհրդանշական նման ցուցահանդեսի բացումը, որն ականատես կդարձնի ինչպես կանգուն, այնպես էլ արդեն անհետացած կամ անհետացման շեմին գտնվող մշակութային կոթողներին»,-ասում է հիմնադրամի տնօրեն և ցուցահանդեսի կուրատորներից Լաումա Սալամեն ու հավելում, որ չպետք է մոռանալ, որ Հայաստանի պատմությունն անմիջականորեն կապված է նաև քրիստոնեության պատմության հետ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ Բելգիայում և ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը,  Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, ականավոր այլ գործիչներ, արվեստագետներ։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում իր ուրախությունն է հայտնել, որ առիթ ունեցավ սուզվելու հայկական մշակույթի խորքերն ու նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ տեսնել մշակութային այնպիսի կոթողներ, որոնք այսօր վերացման շեմին են։ «Այսօր բացահայտում ենք հարստություններ, որոնք, ցավոք, այլեւս հասանելի չեն Ղարաբաղի հակամարտության պատճառով: Այս ցուցահանդեսը և՛ ոգեշնչող է, և՛ տխուր՝ հաշվի առնելով տեղում տիրող իրավիճակը, և, հետևաբար, սա հիշեցնում է մեզ, որ պետք է պահպանենք այս ամենը և աշխատենք հանուն խաղաղության և մշակույթի պահպանման», - ասել է արտգործնախարար Լահբիբը։

Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ բացառիկ նմուշներ Ֆրանսիայի հայկական թանգարանից․ մանրանկարներ, ձեռագրեր, հանրությանը երբեք չցուցադրված պատարագի թանկարժեք իրեր, որոնք տեղադրվել են ժամանակակից արվեստագետների՝ Սարգիսի, Մխիթար Կարապետյանի, Անտուան ​​Ագուջյանի, Ժան Պողոսյանի, Աիդա Ղազարյանի եւ Պասկալ Կոնվերտի գործերի կողքին:

Ներկայացված արտիստներից Անտուան Ագուջյանն ու Աիդա Ղազարյանը, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նույն միտքն են շեշտադրում՝ արվեստը կենսական նշանակություն ունի հայի ինքնության մեջ։ Լուսանկարիչ Ագուջյանն իր գործերով հիշողությունն է վառ պահում, արտիստ Աիդա Ղազարյանն իր գործերում օգտագործում է սեփական մատնահետքը։ Երկուսի համար էլ նպատակը նույնն է՝ գոյատեւել ժամանակի մեջ։

Ցուցահանդեսի երկրորդ կուրատոր, բելգիացի հայագետ Բերնարդ Քուլիի խոսքով՝ ելակետը, ըստ էության, ոչ թե Հայաստանի ողջ պատմության կամ ողջ հայկական մշակույթի հետ կապված ցուցահանդեսի պատրաստումն էր, այլ փորձն էր ցույց տալ հայկական մշակույթի և մտածելակերպի կենտրոնական կետը, որը ժամանակի հետ կապն է: «Ի վերջո, խոսքը մի ժողովրդի պատմության մասին է,  որը միշտ ունեցել է դժվարություններ, որը ստիպված է եղել պայքարել գոյատեւելու համար, եւ մենք փորձել ենք ցույց տալ, թե ինչպես է եղել, որ նա այս պայքարը գրի է առել ճարտարապետության միջոցով, եկեղեցիների միջոցով, խաչքարների, գրի միջոցով։ Դրա համար ցույց ենք տալիս ձեռագրեր, և այն, ինչ տեսնում ենք հետեւյալն է. շատ ժամանակակից արվեստագետներ զբաղված են նույն թեմաներով՝ ժամանակը բոլոր հայ արվեստագետների ստեղծագործության կենտրոնում է: Հայության խորքում միշտ այս մտահոգությունն է՝ ժամանակի ընթացքում գոյատեւումն ապահովելը»,- ասել է Քուլին։

Iconem նորարարական ստարտափի հետ համագործակցությամբ, որը մասնագիտացած է վտանգված մշակութային ժառանգության օբյեկտների 3D թվայնացման մեջ, ցուցահանդեսին ներկայացված են տեսանյութեր, որոնց շնորհիվ այցելուներին առաջարկում են բացառիկ փորձ՝ բացահայտելու այնպիսի պատմական վայրեր, ինչպիսիք են Գեղարդը, Հաղպատը, Հայրավանքը, Կիրանցը կամ Առաքելոցը, Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցին և այլն։

 --00—ԼՀ