Շուտով Ալիևը կասի՝ հայերը Արցախ վերադառնալ չեն կարող, Բաքուն խնդիրն ուզում է վերջնական փակել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Բաքուն հիմա շատ ավելի մեծ առավելություններ ունի, քան 2020-ի նոյեմբերին, նրանք այդ ժամանակ ՀՀ տարածքում չէին, բարձրունքներն իրենց ձեռքում չէին, Արցախը հայաթափցված չէր։ Չունենք ոչ մի խաղաքարտ բանակցային սեղանին դնելու, ոչինչ չկա, որի դիմաց Ադրբեջանը պետք է համաձայնվի զիջման, ամբողջ հույսը այն է, որ համաձայնվեն Ադրբեջանի առաջարկներին և կնքեն խաղաղության պայմանագիրը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

 «Սահմանը գծվելու է ադրբեջանցի զինվորների ոտքերի դիմացից, նրանք հետ չեն գնա, Բայրամովը հստակ ասաց, նույնիսկ մերժում են հայելային հետքաշումը։ Հայկական կողմը անընդհատ հայտարարում է, թե քարտեզներ ունենք, որպեսզի վաղը ասեն՝ ոչ թե նահանջել ենք, կամ իրենց պահանջներն ընդունել, այլ քարտեզն էր այդպիսին»,-ավելացրեց իրավապաշտպանը։

Հարությունյանի կարծիքով, Արցախի հայաթափումը նոր իրավիճակ է ստեղծել, Ալիևը դեռևս խաղում է և իրեն ներկայացնում է բարի կամք դրսևորող, ասելով, եթե հայերը ցանկանան, կվերադառնան, բայց շուտով նա իր հռետորաբանությունը կփոխի․ «Ալիևը շուտով կասի, որ արցախցիները վերադառնալ չեն կարող, եթե ուզում են վերադառնալ, պետք է բավարարեն իմ պահանջները։ Նրանք Արցախի խնդիրը ուզում են լուծել մեկընդմիշտ, որ 200 տարի հետո էլ նման խնդիր չծագի և Արցախի հարցը բացելու հնարավորություն չլինի»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ