Հայաստանում Կաթողիկե եկեղեցու հետևորդները նշում են Սուրբ Ծնունդը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

եկ.

Դեկտեմբերի 25-ին Կաթողիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը: Սուրբ Ծնունդը նշում են նաև Հայաստանում Կաթողիկե եկեղեցու բոլոր հետևորդները: Համայնքներում մատուցվում է Սուրբ պատարագ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ Սուրբ Ծննդյան ավետիսը, երեկոյան, առաջնորդանիստ Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ՝ ձեռամբ Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ Գերապատիվ Հայր Միքայել Վրդ. Բասսալեի, իսկ Սուրբ Ծննդյան պատարագը մատուցվեց Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի։ Պատարագի ժամանակ հոգևորականը տալիս է ծննդյան ավետիսը. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ», իսկ ժողովուրդը պատասխանում է. «Մեզ և ձեզ մեծ ավետիս»:

«Այսօր մենք ամենքս այսպիսի ողջունով ենք դիմում միմյանց, քանզի մասնակիցն ենք Սբ. Ծննդյան ավետիսի։ Ուրախությամբ ենք լցված՝ Քրիստոսի ծնունդը մեզ համար մեծ ուրախություն ու մխիթարություն է՝ մենք ստանում ենք Աստծո հույսի ու սիրո նվերը, որը Աստծո կողմից ընծայվեց մարդկությանը, իսկ մեր մեծ նվերը Աստծոն կլինի մեր սերը՝ սիրենք իրար այնպես, ինչպես Աստված սիրեց մեզ ու իր միածին որդուն նվիրեց մարդկությանը»,-դիմելով հավատացյալներին` նշեց Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը։ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթոլիկների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի կողմից։ Տարիներ շարունակ կաթողիկե համայնքների բնակիչները, հետևելով իրենց եկեղեցու ծեսերին ու օրենքներին, հաճախել ու հաճախում են իրենց համայնքներում գործող կաթողիկե եկեղեցիներ՝ հավատարիմ իրենց եկեղեցուն։       

--00--ԼՀ