Հայաստանի տարածքում ցանկացած կապ պետք է գործի այդ երկրի ինքնիշխանության ներքո․ Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

1127275

Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի արծարծումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին շարունակվում են հնչել պահանջներ ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Թուրքիայից, ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը արտատարածքային միջանցք ենթադրող թեզերի շուրջ։

Դեսպանն ընդգծել է՝ արտատարածքային միջանցքն այլ երկրի տարածքում որևէ իմաստ չունի, իսկ յուրաքանչյուր երկրի հաղորդակցման ուղիները գտնվում են իր ինքնիշխանությունն այդ տարածքում իրացնող պետության ձեռքում։

«Կարծում եմ, որ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի արծարծումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հետ։ Կարծում եմ՝ ինչպես նշված է Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, Հայաստանի տարածքում տարածքային ցանկացած կապ պետք է գործի այդ երկրի ազգային ինքնիշխանության ներքո։

Այն երկրները, որոնք խոսում են Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին, պատրա՞ստ են արդյոք իրենց տարածքում ստեղծել նման արտատարածքային միջանցքներ։ Կարծում եմ՝ պատասխանը բացասական է։ Ուստի, այն, ինչն իրենք իրենց համար չեն ցանկանում, ուրիշների համար ևս չպետք է ցանկանան»,- ասել է դեսպանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ