Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին Ալմաթիում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

nist

Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՄԿԽ) հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին Ալմաթիում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 2-ին Ալմաթիում տեղի կունենա ԵԱՄԿԽ հերթական նիստը և «Digital Almaty 2024. Ինդուստրիա X» թվայնացման միջազգային համաժողովը: Միջոցառմանը կմասնակցեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը», - ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հրավիրվել են Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը։

«ԵԱՄԿԽ նիստի օրակարգը, որն ավանդաբար տեղի կունենա  նեղ և ընդլայնված կազմերով, ընդգրկում է լայն սպեկտրի առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի հարցեր և այլ հրատապ թեմաներ», - պարզաբանել են գերատեսչությունում։

Փետրվարի 2-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն Digital Almaty ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին։

«Ավանդաբար համաժողովի աշխատանքին կմասնակցեն ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր թվային ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի ղեկավարներ և թվային ոլորտի փորձագետներ։ Այս տարի այդ միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև թեմատիկ նախագծերի միջազգային ցուցահանդես՝ Digital Almaty Awards մրցանակաբաշխության արարողությամբ», - նշել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունում:

 --00—ԼՀ