Իրանում ձերբակալել են 5 ծառայակիցներին սպանած զինվորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

հան

Իրանում իր հինգ ծառայակիցներին սպանած զինվորին ձերբակալել են երկրի հարավ-արևելյան Քերմանի նահանգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

«Այդ մարդը ձերբակալվել է Զերենդ քաղաքից ոչ հեռու», - մեջբերում է գործակալությունը հարավարևելյան ռազմական շտաբի հրամանատար Ամիր Ղոլամալիանի խոսքը։

Ավելի վաղ IRNA-ն հաղորդել էր հունվարի 21-ին զինվորականի կողմից իր հինգ ծառայակիցների սպանության մասին։

«Ցերեկը ժամը 16:35-ին զինվորներից մեկը, որը գտնվել է պահակակետում, մտել է զորանոց և կրակ բացել իր ծառայակիցների վրա։ Հինգ զինծառայողներ զոհվել են», - ասել է Ղոլամալիանը։

Նրա խոսքով՝ կրակողի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Կատարվում է հետաքննություն:

--00—ԼՀ