32-ամյա գործունեության ընթացքում հիմնադրամը 1000-ավոր ծրագրեր է իրականացրել Արցախի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

հիմ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որտեղ ամփոփում է իր 32-ամյա գործունեության ողջ ընթացքը։

«Համահայկական Հիմնադրամի աջակցությունը բռնի տեղահանված արցախցիներին

 2023 թ-ի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ռազմական հարձակման առաջին իսկ օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր միջազգային ցանցի հետ ներգրավվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու աշխատանքներին:

 Հիմք ընդունելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետության մարզերում, ընտրվեցին առավել խիտ տեղակայման մարզեր՝ Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք և Գեղարքունիք։ Հիմնադրամի աջակցության ծրագրերի աշխարհագրության ընտրության ընթացքում հաշվի է առնվել նաև, որ մի շարք այլ հումանիտար և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ կառավարությունը, մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները նույն ժամանակահատվածում աջակցության տարբեր ծրագրեր էին սկսել հանրապետության տարածքում։

 Նկատի առնելով հումանիտար ճգնաժամի ահռելի ծավալները և բռնի տեղահանվածների բնակվելու աշխարհագրությունը, Հիմնադրամը որոշեց աջակցության բաշխման գործընթացը կազմակերպել մարզային գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք թե՛ Հիմնադրամի, և թե՛ ՀՀ ոլորտային պետական կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտորեն աշխատել էին դեռևս 2020 թ. պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ ՀՀ-ում էին գտնվում ավելի քան 90,000 ժամանակավոր տեղահանվածներ։ Իրականացվեց մարզերում գործող և 2020թ. պատերազմից հետո  Հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների քարտեզագրում։ Արդյունքում, ըստ մարզերի ընտրվեցին հետևյալ ՀԿ-ները՝

 ·       «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ - Սյունիք

 ·       «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ  - Վայոց Ձոր

 ·       «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ  - Արմավիր, Արարատ, Արագածոտն

·       «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ - Գեղարքունիք

 ·       «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ - Կոտայք

 ·       «Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն» ՀԿ – Արարատ, Կոտայք, Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, Սյունիք, Գեղարքունիք

 ·       Հիմնատավուշ Զարգացման Հիմնադրամ -  Կոռնիձոր, ապա՝ Սյունիք և Տավուշ

 ·       «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ - Երևան (միայնակ մայրեր)

 Արդյունավետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխվել նշված մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ և այլն։

 Տեղահանված ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշների հիման վրա՝

 ·       Սոցիալապես անապահով

 ·       Բազմանդամ ընտանիքներ

 ·       Հաշմանդամություն ունեցող անձինք

 ·       Ընտանիքի զոհված անդամ ունեցողներ

·       Տարեցներ

 ·       Միայնակ մայրեր

 Ընդհանուր առմամբ, հումանիտար աջակցությունից օգտվել է 62,000 շահառու, որից միայն տեղահանության օրերին Կոռնիձորում ստեղծված աջակցության կետերում՝ շուրջ 20,000 մարդ։

 Գործընկեր կազմակերպությունները Հիմնադրամին են ներկայացրել բաշխման հաշվետվություններ՝ տրամադրված աջակցության յուրաքանչյուր փուլի համար։ Հաշվետվությունը ներառել է ինչպես թվային ու նկարագրողական փաստագրում, այնպես էլ շահառուների գրանցման թերթիկներ՝ շահառուի ստորագրությամբ։ Իր հերթին, Հիմնադրամը մարզերում իրականացրել է բաշխման մոնիթորինգ, նկարահանումներ, պատրաստել տեսանյութեր, որոնք տեղադրվել են համացանցում։

 Արցախցիներին տրամադրված հումանիտար օգնությունը մեծամասամբ ֆինանսավորվել է Հիմնադրամի ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի և Տորոնտոյի տեղական մարմինների, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցների հաշվին:

 Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր տեղական մարմիններին հումանիտար աջակցության հրատապ ծրագրերը ֆինանսավորելու, իսկ գործընկեր հասարակական կազմակերպություններին՝ աջակցությունը ժամանակին և թիրախային բաշխելու համար։

 Այս փուլով, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտում է իր՝ հրատապ արձագանքման աջակցության ծրագրերը` անցնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար միջնաժամկետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

 Իր 32-ամյա գործունեության ողջ ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը

1000-ավոր հումանիտար եւ զարգացման ծրագրեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ արցախցիների համար: Այժմ, երբ մեր հայրենակիցները ստիպված լքել են իրենց բնօրրանն ու հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում, Հիմնադրամը շարունակելու է տարաբնույթ ծրագրերի միջոցով աջակցել նրանց»:

--00—ԼՀ