Լավրովը չի կարծում, թե ԱՄՆ-ն կկարողանա փոփոխության ենթարկել Մոնտրյոյի կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

լաքվ

 Ռուսաստանի  արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների կիրառման հարցում Թուրքիայի հետ համատեղ աշխատելու ԱՄՆ-ի ցանկության մասին հարցին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այդ մասին հայտնել է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Լավրովը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն չի կարողանա ազդել Մոնտրյոյի կոնվենցիայում ամրագրված դրույթների կիրառման վրա։

«Մեր թուրք գործընկերները մեզ բազմիցս ասել են, որ որպես Մոնտրյոյի կոնվենցիայի ժառանգության պահապաններ՝ խստորեն առաջնորդվելու են դրա դրույթներով: Լլոյդ Օսթինը (Պենտագոնի ղեկավար.-խմբ) վերադարձավ աշխատանքի, հավանաբար հենց այդ պատճառով էլ նրանք այժմ այդքան ակտիվ են: Ոչ, չեմ կարծում, որ նրանց կհաջողվի»,- ասել է Լավրովը։

ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը հայտարարել էր, որ հակամարտությունից խուսափելու համար Վաշինգտոնը կարող է համագործակցել Սև ծովի ափի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ 

«Թուրքիան իրականացրել է Մոնտրյոյի կոնվենցիայի համապատասխան հոդվածները, որոնց պահառուն ինքն է», - ասել էր նա։

Վոլանդերի հայտարարությունները մեկնաբանվել են որպես վկայություն այն բանի, որ Միացյալ Նահանգները ցանկանում է դադարեցնել կամ փոփոխել Մոնտրյոյի կոնվենցիան:

--00—ԼՀ