ԿԿՀ-ն զուգահեռ այլ պաշտոններ զբաղեցնող Երևանի ավագանու անդամների մասով որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

photo_2024-02-11_14-50-18
24News-ի տիրապետության տակ է հայտնվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կայացրած որոշումը՝ կապված Երևանի ավագանու անդամի մանդատ ստացած այն անձանց վերաբերյալ, որոնք զուգահեռ անհամատեղելիության կարգով զբաղեցնում են այլ պաշտոն:

Ըստ ԿԿՀ-ի դիրքորոշման՝ սույն թվականի հունվարի 10-ին կայացած նիստում որոշվել է հնարավորություն ընձեռել հանրային պաշտոն զբաղեցնող այն անձանց, որոնք հանրային կամ հանրային ծառայության պաշտոնում պաշտոնավարմանը զուգահեռ ներկայումս անհամատեղելիության պահանջի խախտմամբ զբաղեցնում են նաև համայնքի ավագանու անդամի պաշտոն, մինչև 2024 թվականի փետրվարի 15-ն ինքնակամ վերացնել խախտումը և այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին:

Հանձնաժողովը, հաշվի առնելով վերոնշյալ տարընկալումը, որոշում է կայացրել նշված դեպքերում մինչև սահմանված ժամկետի ավարտը՝ ընթացիկ տարվա փետրվարի 15-ը, չհարուցել վարույթ՝ հնարավորություն տալով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դրսևորել դրական վարքագիծ՝ անձամբ վերացնելով խախտման հիմք հանդիսացող հանգամանքները:

Խոսքը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Լևոնյանի մասին է, որը ավագանու անդամ լինելուն զուգահեռ նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է, Նատալյա Սինորյանի, որը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետն է, նույն խմբակցության անդամ Արման Բարխուդարյանի, որը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանի, որը Անտառային կոմիտեի նախագահն է, ինչպես նաև Զինա Չալիկյանի, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ռեֆերենտն է։

Վերոնշյալ անձինք իշխող ուժի ներկայացուցիչներն էին, բայց ավագանու անդամի պաշտոնին զուգահեռ անհամատեղելիության խնդիր ունեն նաև ընդդիմադիր դաշտում դիրքավորված կուսակցությունները, մասնավորապես՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, որն ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է։

ԱԺ ուղարկված գրությունից 24News-ին հայտնի դարձավ, որ ԿԿՀ է հասցեագրվել ավագանու անդամի պաշտոնի և հանրային/հանրային ծառայության պաշտոնների համատեղելիության վերաբերյալ պարզաբանում տրամադրելու շուրջ 15 դիմում, այդ թվում՝ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու պահանջով:

Մեր տեղեկություններով, գրություն ուղարկածներից մեկը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, Երևանի ավագանու անդամները ևս պարզաբանման խնդրանքով դիմել են ԿԿՀ-ին, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ու ԶԼՄ-ներ:

Այսպիսով, ըստ ԿԿՀ-ի՝ հանրային պաշտոնի և հանրային ծառայության պաշտոնի և համայնքի ավագանու անդամի պաշտոնների համատեղելիության վերաբերյալ ստացված դիմումների, դրանցում արված հարցադրումների, ինչպես նաև անհամատեղելիության մշտադիտարկման գործընթացի շրջանակներում հարուցված վարույթների և Հանձնաժողով ներկայացված պարզաբանումների վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եկել է եզրահանգման, որ պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում առկա է իրազեկվածության նշանակալի պակաս՝ այդ պաշտոնների նկատմամբ օրենքով սահմանված պահանջների վերաբերյալ: Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում պաշտոնների համատեղելիության շուրջ առաջացել է հավելյալ տարընկալում, ինչը նպաստել է խախտումների թվաքանակի աճին:

Դեռ օրերս 24News-ը ավագանու մանդատին զուգահեռ հանրային այլ պաշտոն զբաղեցնող անձանցից, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության ավագանու անդամ Լևոն Լևոնյանից հետաքրքրվել էր, թե ի՞նչ որոշում է կայացնելու, քանի որ ԿԿՀ-ը մինչև փետրվարի 15-ը ժամանակ է տվել նրանց։ Վերջինս նշել էր, որ «եթե մինչև այդ այլ իրավական փոփոխություններ չլինեն, այսինքն՝ մնա ստատիկ այնպես, ինչպես որ եղել է ծանուցումը, նա կմնա որպես ավագանու անդամ և մանդատը վայր չի դնի»:

Լևոնյանի խոսքը՝ այլ իրավական փոփոխություններ չլինելու մասով, վերաբերում է նրան, որ 2022 թվականին Ազգային ժողովը «Հանրային ծառայության մասին օրենքում» փոփոխություն է կատարել, որով ամրագրվել է, որ «հանրային պաշտոն զբաղեցնող անձինք՝ բացառությամբ ավագանու անդամի, չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում», որն էլ առերևույթ հնարավորություն է տալիս ավագանու անդմաներին՝ միաժամանակ զբաղեցնել նաև հանրային պաշտոն։ Ահա այս կարգավորումն էլ թույլ է տալիս ավագանու անդամներին լավարկել և վայր չդնել մանդատը:

Ամփոփելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները ոչ միայն հանգեցրել են վերաբերելի նորմերի և դրանց մեկնաբանման տարընկալումների, այլև առաջացրել են անհամատեղելիության պահանջների էության որոշակի խեղաթյուրում:

Մերի Մանուկյան

հարցում
harcum
harcum
harcum
harcum

--00—ՅՄ