Կորցրինք մեր հայրենիքը, որովհետև չգնահատեցինք այն, ինչ տրված էր մեզ․ Արտաքսման կիրակի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

f

Ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք. Մեծ Պահքի կիրակիները ներկայացնում են մարդկության կյանքի ուղին: Արտաքսման կիրակին խորհրդանշում է Ադամի ու Եվայի դրախտից արտաքսումը:

Աստված մեզ տվել է ազատ կամք

Առաջին մարդիկ վայելում էին Տիրոջ պարգևները, օգտվում ամեն ինչից, բայց կար մեկ պայման. 

«Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդ. 2.16-17):

Սատանան օձի կերպարանքով հայտնվեց ու համոզեց չլսել Աստծուն: Ադամն ու Եվան կարող էին ընտրել կա՛մ Աստծո կամքը, կա՛մ չարի: Նրանք կատարեցին իրենց ընտրությունը՝ չպահպանելով Աստծո կողմից տրված առաջին պահքը, ճաշակեցին պտուղը: 

Տերը երբեք չի պարտադրում, նա մարդուն տվել է ազատ կամք, նշում է Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը.

«Աստված մեզ տալիս է ամեն բան: Մենք որոշում ենք՝ ինչպես օգտվել: Տերը մեզ տալիս է ազատ կամք ու բանականություն՝ տեսնելու, ընկալելու, գիտակցված կյանք ապրելու: Մենք ենք որոշում արժանանալ երկնքի արքայությա՞նը, թե՞ հակառակը: Մենք ենք որոշում ծառայե՞լ աստվածային օրենքներին, թե՞ հակառակը»: 

Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից: Գործած մեղքի պատճառով դարձան մահկանացու ու դատապարտվեցին դժվար երկրային կյանքի՝ քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակելու:

«Եվ Տերը՝ Աստված, նրան դուրս հանեց բարօրության դրախտից՝ մշակելու հողը, որից առաջացել էր»: (Ծննդ. 3:23):

Պտղի ճաշակումը մարդկային առաջին մեղքն է, սակայն, Տեր Զաքարիայի խոսքով, ոչ թե պտուղն էր չար, այլ մեղքը Աստծուն չհնազանդվելն էր: Փորձություններով լի աշխարհում, այսօր էլ մարդիկ հրապուրվում են «արգելված պտուղներով»: 

«Մեզ տրվում է կյանք, առողջ մարմին, երկիր, այդ ամենի պատասխանատուն մենք ենք: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ապրի ապաշխարությամբ, որպեսզի արժանանա Տիրոջ ողորմությանը»,- նշում է քահանան:

Կյանքի դժվարությունների, տառապանքների մեջ դրախտ գնացող ճանապարհը լուսավորում է Տերը:

Քահանան հիշեցնում է՝ Քրիստոս եկավ՝ լրացնելու օրենքն ու տվեց  մեծագույն պատվիրանը` սիրեք Աստծուն և միմյանց.

«Ամեն ինչի նաև աստվածային օրենքների, պատվիրանների հիմքում սերն է: Եթե սիրենք, չենք դավաճանի, չենք սպանի, գողանա, շնանա: Աստված իր Միածին Որդուն զոհեց հանուն մարդկության փրկության, իսկ Հիսուս եկավ իր կյանքը զոհեց՝ հանուն աստվածային սիրո: Մենք ցավոք այդպես էլ չհասկացանք ու չընդունեցինք այդ մեծ զոհողությունը»:

Կորցնում ենք, որովհետև շարունակ չենք գնահատում

Ադամն ու Եվան դրախտից զրկվեցին, որովհետև չգնահատեցին, այն, ինչ ունեին, նկատում է հոգևորականը: Այսօր սա մեծ դաս է մեզ համար, մենք ևս չգնահատեցինք ու կորցրինք:

«Ժամանակավորապես կորցրինք մեր հայրենիքը, ինչո՞ւ, որովհետև չգնահատեցինք այն, ինչ տրված էր մեզ: Չեղանք մեր հերոսների գործի շարունակողը։ Մենք չգնահատեցինք մեզ տրված նվերը, բազում հայորդիների արյունով ներկված հողը»:

Քահանան ցավով է նշում, որ իրավիճակը չի փոխվի, եթե մենք չփոխվենք, չգործենք։

Աղբյուրը՝ Qahana.am

--00—ՍՊ