ԱԳՆ-ն հերքում է ռուսական պլանի վրա բանակցությունների մասին Ադրբեջանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Մամեդյարով

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը 24News-ին մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ մոսկովյան հանդիպումից հետո արված հայտարարությունը։

Հարց։ Անդրադառնալով ապրիլի 15-ի հանդիպմանը՝ Մամեդյարովը նշել է, որ քննարկում է եղել 2016 թ.-ին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա։ Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը։

Պատասխան։ Նախ, նշեմ, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։

Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում: