Կարևորում ենք տարածաշրջանում հոգևոր ժառանգության պահպանման հարցում ձեր կոչերը․ նախագահը՝ Հռոմի Պապին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

MyCollages

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ:

«Հիրավի հիացմունքի են արժանի մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում աշխարհում արդարության վերականգնմանն ուղղված Ձերդ Սրբության անկոտրում կամքն ու մարդասիրական վեհ առաքելությունը։

Մեծապես կարևորում ենք մեր տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Ձերդ Սրբության շարունակական կոչերն ու ուղերձները:

Մենք հանձնառու ենք առավել խորացնելու նույնակունք արժեքների վրա խարսխված բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

--00—ՅՄ