Էրդողանի մամուլի խոսնակն ակնկալում է, որ Թրամփն այս տարվա ընթացքում կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 20, 24News

.

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է նաև Սիրիայի հարցի  և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցի մասին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Քալընը նշել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը պետք է շարունակվի և Սիրիայի հյուսիսում դե ֆակտո  պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ Թուրքիայի վերահսկողության տակ։ Քալընի պնդմամբ` անվտանգության գոտին դե յուրե արդեն ստեղծվել է, որն իր մեջ ներառում է նաև Մանբիչ քաղաքը։  

Մամուլի խոսնակը կարևորել է Ռուսաստանի  հետ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցի մասին բանակցությունները։ Նա կարևորել է Սիրիայում նոր սահմանադրության ստեղծումը։

Քալընի խոսքերով, Թուրքիայի առաջնահերություններից է, որ ապառազմականացված գոտի հայտարարված Իդլիբի վերաբերյալ համաձայնոթյունները իրականացվեն և դա կրի շարունակական բնույթ։

Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի՝ Սիրիա, այնուհետև Թուրքիա կատարած այցերից հետո առաջացած խոսակցություններին, թուրք պաշտոնյան հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիայի և Սիրիայի կառավարական ռեժիմի միջև կա ուղիղ կապ։

«Սիրիայի կառավարական ռեժիմի հետ որևէ երկխոսության մասին խոսք չկա։ Եթե մենք ցանկանում ենք որևէ հաղորդագրություն հղել կառավարական ռեժիմին, մենք դա անում ենք Ռուսաստանի և Իրանի միջոցով»,-եզրափակել է Քալընը։ 

Անդրադառնալով Թրամփի հնարավոր այցին, Քալընը ասել է, որ Թուրքիան նման ակնկալիք ունի և ԱՄՆ-ում էլ չեն բացառում, որ նման  այց այս տարվա ընթացքում կարող է տեղի ունենալ։  

Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները սրված են։ Դա պայմանավորված է, Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի առքով։