Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Արցախին․Բուրգ լե Վալանսի և Վալանսի քաղաքապետեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն և Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն հանդես են եկել հայտարարությամբ՝ Արցախի հետ Բարեկամության հռչակագրերը չեղարկվելու առնչությամբ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ափսոսանքով ենք նշում Գրենոբլի վարչական դատարանի կողմից Վալասնս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ քաղաքների և Դրոմի նահանգի և Արցախի Հանրապետության տեղական և տարածքային մարմինների միջև ստորագրած Բարեկամության հռչակագրերի միաժամանակյա չեղարկումը:

Չնայած նրան, որ ֆրանսիական սահմանադրությունը տեղական ինքնակառավարման մարմիններին չի արգելում միջազգային գործունեություն իրականացնել, ստորագրված հռչակագրերը ընդամենը բարեկամության մասին պարզ հայտարարություններ են, որոնք ժողովուրդների միջև բարեկամության և սպորտի, մշակույթի ու կրթության բնագավառներում հարաբերությունների հաստատման կոչ են անում:

Այս հռչակագրերը չեն ոտնահարում արտաքին քաղաքականության ոլորտում ֆրանսիական կառավարության լիազորությունները: Երբեք մտադիր չենք եղել այս փաստաթղթերը ստորագրել Ֆրանսիայի անունից:

Հիշեցնում ենք, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ, անկողմնակալության հանձնառություն ունի իբրև միջնորդ Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև եղած հակամարտության լուծման գործնթացում:

Խորապես ցավում ենք, որ մեր փաստարկները չլսվեցին և մեր ձեռնարկած զգուշավորության բոլոր միջոցները՝ հետամուտ լինելու հանրապետական կարգը հարգելուն, հաշվի չառնվեցին:

Մենք դժվարությամբ ենք ըմբռնում նաև պրեֆեկտների մոլեռանդության հասնող դիրքորոշումը: Այս յուրահատուկ կերպով ջանքերի ներդրումը խոսում է իրավական գործառնության համակարգված և խորհրդակցված բնույթի, ինչպես նաև Արցախի հանդեպ հատուկ կոշտ վերաբերմունքի մասին:

Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Արցախի և նրա բնակիչների հետ բարեկամությանը՝ հուսալով, որ մեր անսասան համերաշխությունը կնպասի խաղաղությանը և Ֆրանսիայի՝ այսօր խարխլված հեղինակության ամրապնդմանը Կովկասում»: