ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը նշել է, որ ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ստեղծումից ի վեր արդյունավետ համագործակցություն է հաստատվել կառույցի հետ և երախտագիտություն հայտնել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ցուցաբերած օժանդակության համար։
Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը հանձնառու է կյանքի կոչել Կայուն զարգացման նպատակները և մտադիր է էլ ավելի մեծացնել երկրի դիմադրողականությունը՝ համաձայն Աղետների ռիսկերի նվազեցման 2015-2030թթ. Սենդայի շրջանակային ծրագրի և Փարիզի կլիմայի համաձայնագրի առաջնահերթությունների։
Փոխվարչապետը նշել է, որ հայ փրկարարները բավարար մասնագիտական փորձառություն ունեն և տարբեր երկրներում մասնակցում են միջազգային հումանիտար առաքելությունների և փրկարար գործողությունների: Այսպիսով, Հայաստանն իր ներդրումն է ունենում աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ջանքերին։
Միաժամանակ, փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը, գտնվելով սեյմսավտանգ գոտում, նպատակ ունի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմամբ կատարելագործել աղետների վաղ կանխարգելման մեխանիզմները, ինչը հատկապես կարևոր է դպրոցների սեյսմակայունության ապահովման տեսանկյունից:
Մամի Միզուտորին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արտակարգ իրավիճակների նախարարության, արդյունավետ համագործակցության համար և հրավիրել մասնակցելու այս տարի Տաջիկստանում անցկացվելիք աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ քննարկմանը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հուլիսի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպված էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված միջոցառումն ուրույն հարթակ հանդիսացավ մասնակից երկրների համար՝ կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տնտեսական զարգացման մոդելը քննարկելու և միասնական քայլեր ձեռնարկելու առումով: